среда, 27 августа 2014 г.

Խոսքի մշակույթ.Վահան Տերյան

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործություններիՄթնշաղի անուրջներժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։
Ստեղծագործությունները
FATUM
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար
ԳԱՐՈՒՆ
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք
ՏԽՐՈՒԹՅՈՒՆ
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին

Մեծերը Տերյանի մասին

Մեր սիրելի երիտասարդ դասախոսը, որ էնքան բանաստեղծորեն խոսեց մեր տաղանդավոր բանաստեղծ Տերյանի քնարի մասին, հայտնեց նաև մի շատ տարածված կարծիք, թե Տերյանը զուրկ է ղայնությունից և հարազատ չի մեզ։ Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է։ Չմտնելով քննության մեջ, թե ինչ է հարազատությունը և ինչ նշաններով է արտահայտվում, ես գտնում եմ, որ նրա թախիծն ու երազները, մշուշն ու աղջամուղջը խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն։ Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը։ Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք։
    Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասին, և լսողները շատ հեշտ կարող են սրա տակ ձանձրալին հասկանալ։ Բայց դուք, ինչպես ամեն բանաստեղծի, էնպես էլ Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր գեղարվեստական հաճույքներ կտան։ Չպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր առաջին շրջանի երգերը, և այժմ ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկում, նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
«Տերյանը …. ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր «արքայական» լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը նոր մոտիվներով ու տաղաչափական ձևերով, նույնիսկ դուռ բացեց նոր հանգի համար…»:
ՊԱՐՈՒՅՐ ՍևԱԿ
«…Եվ նորից կզգանք, որ 
մեր սրտին դու մո՛տ ես
Մորմոքող հրի պես մեր 
հիվանդ արյան,
Որ լուսե երգին քո մեր
հոգին կարոտ է,
Օ՛, հեռու ընկեր իմ, օ՛,
Վահան Տերյան…»:
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
«Նա (Տերյանը) հայ պոեզիան հարստացրեց արևմտաեվրոպական և ռուսական պոեզիայի վերջին նվաճումներով, իր ստեղծագործություններում արծարծեց թեմաներ, որոնք խորթ էին հայ բանաստեղծներին, նոր ռիթմեր մտցրեց հայկական տաղաչափության մեջ, բացառիկ խստությամբ մոտեցավ բանաստեղծական արվեստին»:
ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

«Նա (Տերյանը) մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՜ սերը, և՜ հայրենիքը, և՜ բնությունը: Նա թարմացրեց հայ պոեզիայի և՜ նյութը, և՜ լեզուն …. Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնան որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացմունքներ ու անխառն գեղեցկություններ»:
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий