четверг, 28 августа 2014 г.

Էկոլոգիա.Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում

Վերջին տասնամյակներում ձևավորվել և բուռն զարգացում է ապրել գիտությունների մի ամբողջ համակարգ՝ Երկիր մոլորակի բնապահպանության և բնօգտագործման վերաբերյալ։ «Մարդկության ինքնաոչնչացման վտանգ», «բնապահպանական և բնօգտագործման հիմնախնդիր» հասկացությունները դարձել են համայն մարդկությանը հուզող հարցեր։ Մարդը գոյատևում և ապահովում Է իր հասարակական առաջընթացը՝ օգտվելով բնության բարիքներից։ Մարդու վերաբերմունքը բնական միջավայրի նկատմամբ ի սկզբանե եղել Է սպառողական, բայց այդ միջավայրի ինքնազարգացման և ինքնավերականգնման միջոցով «բուժվել են» մարդահարույց վնասները։ Այժմ մարդու ակտիվ ներգործությունը բնական միջավայրի վրա այնպիսի ծավալներ Է ընդունել, որ խախտվել Է ինքնակարգավորման ու ինքնազարգացման ընթացքը, վերջին 30 տարվա ընթացքում բնությունից կորզվել և օգտագործվել Է այնքան նյութական պաշար, որքան նախորդ 5000 տարվա ընթացքում։
Մարդու գործունեության տևական և ակտիվ ներգործության հետևանքով տեղի Են ունենում բնական միջավայրի աղքատացում և որակազրկում, բույսերի և կենդանիների բազմաթիվ տեսակներ հայտնվել են անհետացման եզրին։ Այդ երևույթը հատկապես կործանարար ազդեցություն է թողնում տարածման նեղ արեալ ունեցող կենդանատեսակների վրա։ Ներկայումս վտանգավոր սահմանագծի է հասել Արաքսի հովտի եզակի, խիստ յուրահատուկ սողունաշխարհը(հերպետոֆաունան)։ Սևանի ավազանից գրեթե անհետացել է խայտաբղետ մողեսի ենթատեսակի բնաշխարհիկ պոպուլացիան, որը միակն է Կովկասի բարձրադիր վայրերում։ Նույն վիճակում է նաև փոքրասիական մողեսը։
Վերջին 50 տարիների ընթացքում կիսաանապատային և տափաստանային տարածքների ակտիվ յուրացման հետևանքով իրենց բևադրավայրերից դուրս են մղվել զանազան թռչուններ, մեծ, փոքր և գեղանի արոսները, սևափոր դռլոնը, կանաչ մեղվակերը։ Տեղի է ունեցել ջրաճահճային էկոհամակարգերի ոչնչացում։ Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով մերկացել են առափնյա ժայռերն ու մերձափնյա հատվածը, չորացել շրջակա ճահճուտները, վերացել են Սևանի իշխանի ձվադրավայրերի հիմնական մասը, բազմաթիվ ջրլող ու չվող թռչունների, կաթնասունների տեսակները։ Սևանա և Արփի (անցյալում նաև Գիլլի) լճերն անփոխարինելի դեր ունեն ոչ միայն հանրապետության ճահճային թռչունների պահպանության, այլև հարևան երկրների ջրային ավազանների հետ օրգանական կապի պահպանման առումով, որով ապահովվում է հանրապետության տարածքում 145 տեսակ ջրլող և առափնյա թռչնատեսակների գոյությունը։
ՀՀ-ում բնօգտագործման և բնապահպանական հարցերը կարգավորում է պետությունը․ ՀՀ Աժ-ը, իր ընդունած օրենքներից բացի, վավերացնելով համապատասխան միջազգային համաձայնագրեր, միանում է դրանց և պատասխանատվություն ստանձնում երկրում այդ համաձայնագրերի պահանջների իրականացման համար։
Երկրում բնապահպանական խնդիրները լուծելու, կենսաբազմազանության պահպանության ու կենսապաշարների խելամիտ օգտագործման նպատակով մշակվում է նաև ՀՀ կենսաբազմազանության պահպանության ռազմավարություն։ Այն խիստ բազմակողմանի ու ծավալուն փաստաթուղթ է, որը ներառում է ինչպես բնաշխարհի վրա մարդահարույց վնասակար գործոնների նվազեցման, էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաների ներդրման, էկոլոգիական կրթության ու գիտության զարգացման, հատուկ պահպանվող տարածքների ցանցի ընդլայնման, այնպես էլ այդ ոլորտի օրենսդրական դաշտի հետագա ամբողջացման ու կատարելագործման հարցեր։

Комментариев нет:

Отправить комментарий