понедельник, 25 мая 2015 г.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)

  Լեռնային Ղարաբաղի (կամ Արցախի) Հանրապետություն, փաստացի անկախ, սակայն միջազգայնորեն չճանաչված պետություն Անդրկովկասում։ Արևմուտքից սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը, հարավից՝ Իրանին, իսկ արևելքից և հյուսիսից՝ Ադրբեջանին։ Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Պատմամշակութային կենտրոն է Շուշի քաղաքը։ Պատմականորեն կազմում է Մեծ Հայքի Արցախ նահանգը։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հայկական երկրորդ պետությունն է։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախության հռչակագիրը ընդունել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանի ընթացքում՝ ժողովրդական պատգամավորների կողմից։ Հռչակագրի առաջին կետը ունի հետևյալ ձևակերպումը. Արցախի Հանրապետությունը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում։ Հիմնականում ունի լեռնային մակերևույթ։ Հայտնի է հարուստ և գեղեցիկ բնությամբ։ Համեմատաբար ցածրադիր ու հարթավայրային են հարավը և արևելքը. Արաքս գետի երկայնքով տարածվում են Արցախի դաշտավայրերը։ Արցախի մակերևույթը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով։ Հյուսիսում Մռավի, հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Սևանի լեռնաշղթաներն են, արևմուտքում՝ Սյունիքի բարձրավանդակը, կենտրոնական հատվածում՝ Արցախի լեռնաշղթան, որից դեպի արևելք են տարածվում մի շարք մանր լեռնաճյուղեր։ Արցախը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում։

                                                 Գեղարքունիքի մարզ

    Գեղարքունիք, մարզ Հայաստանում։ Մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը։ Տարածքով ՀՀ ամենամեծ մարզն է։ Տարածքի մեծությամբ այն առաջինն է ՀՀ-ում։ Մարզն այնքան մեծ, որ նրանում հանգիստ կտեղավորվեն Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերն ամբողջությամբ։ Ամբողջ տարածքի շուրջ 1/4-ը զբաղեցնում է Սևանա լիճը։ Հյուսիսից սահմանակից է Տավուշի մարզին, արևելքից` Ադրբեջանին և ԼՂՀ-ին, արևմուտքից` Կոտայքի և Արարատի մարզերին, իսկ հարավից` Վայոց ձորի մարզին։ Տրանսպորտա-աշխարհագրական դիրքը, ի տարբերություն ՀՀ այլ մարզերի, անբարենպաստ է։ Գլխավոր ճանապարհներն են՝ Ճամբարակ-Բերդ, Մարտունի-Եղեգնաձոր և Երևան-Սևան-Սոթք երկաթուղին։ Տարածքում շատ են հրաբխային կոները, որոնցից հայտնի են հատկապես Արմաղանն ու Աժդահակը, որոնց խառնարաններում գտնվում են համանուն լճերը։ Գլխավոր լեռնաշղթաներն են Գեղամա, Արեգունի, Սևանի, Արևելյան Սևանի, Վարդենիսի։ Սևանի ավազանն արգավանդ հողերով հարուստ է, հատկապես կարևոր է Մասրիկի դաշտը` 1900-2200 մ բարձրություններում։ Կլիման բարեխառն լեռնային է. ձմեռները ցուրտ են, առաջանում է կայուն ձնածածկույթ։ Հունվարյան միջին ջերմաստիճանը -5˚-10˚ է։ Ամառները տաք են, արևոտ։ Միջին ջերմաստիճանն հասնում է +18˚+20˚։ Տեղումները քիչ են՝ 400-450 մմ, իսկ բարձրադիր շրջաններում մինչև 1000 մմ։ Օգտակար հանածոներից մեծ արժեք են ներկայացնում ոսկու (Սոթք), քրոմիտի (Շորժա), բնական շինանյութերի, հանքային ջրերի (Լիճք) և այլ պաշարները։ Սևանա լիճը ամբողջությամբ գտնվում է Գեղարքունիքի մարզում։


                                                Եվրասիա մայրցամաք


Եվրասիան Երկրագնդի ամենամեծ աշխարհամասն է, որի մակերեսը 53,893 մլն կմ² է, որը կազմում է ընդհանուր ցամաքի 36%։ Բնակչությունը՝ 4,947 (2010) միլիարդից ավել է, որը կազմում է ընդհանուր բնակչության ¾ մասը։ «Եվրասիա» տերմինը առաջին անգամ օգտագործել է աշխարհաբան Էդուարդ Զյուսը 1883 թ.-ին։ Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում,միայն ծայր հարավարևելյան կղզիների մի հատվածն է գտնվում Հարավային կիսագնդում։ Եվրասիան բաժանվում է 2 աշխարհամասերի՝ Եվրոպայի և Ասիայի։ Ասիային բաժին է ընկնում մայրցամաքի ընդհանուր տարածքի 80﹪-ը/44,3մլն.քառ.կմ/, իսկ Եվրոպային 20﹪/10.5լմն.քառ.կմ/։ Ասիան Եվրոպայից պայմանականորեն բաժանող սահմանն անցնում է Ուրալյան լեռների արևելյան ստորոտներով, Ուրալ կամ Էմբա գետով, Կասպից ծովի հյուսիսային ափով, Կումա-Մանիչի իջվածքով, Ազովի ծովով, Կերչի նեղուցով, Սև ծովով, Բոսֆորի նեղուցով, Մարմարա ծովով, Դարդանելի նեղուցով, Էգեյան ծով։ Եվրասիան միակ մայրցամաքն է, որի ափերը ողողում են երկրագնդի բոլոր չորս օվկիանոսների ջրերը. հարավում՝ Հնդկական, հյուսիսում՝ Հյուսիսային Սառուցյալ, արևմուտքում՝ Ատլանտյան և արևելքում՝ Խաղաղ։Ի տարբերություն մյուս մայրցամաքների՝ Եվրասիայի մակերևույթը ավելի բազմազան է։ Այստեղ կան և ընդարձակ հարթավայրեր և երկար ձգվող բարձրաբերձ լեռներ և վիթխարի բարձրավանդակներ ու սարահարթեր։ Ընդ որում, հարթավայրերը գերակշռում են մայրցամաքի հյուսիսային մասում, իսկ լեռներն ու բարձրավանդակները՝ հարավային ու արևելյան շրջաններում։ Եվրասիայի մակերևույթի առանձնահատկություններից է նաև այն, որ այստեղ են գտնվում երկրագնդի ինչպես ամենաբարձր (Ջոմոլունգմա կամ Էվերեստ՝ 8848 մ.), այնպես էլ ամենացածր (Մեռյալ ծովի ափը՝ -400 մ.) կետերը։ Մյուս առանձնահատկությունն այն է, որ Եվրասիան մյուս մայրցամաքներից զգալիորեն բարձր է։ Հատկապես աչքի է ընկնում Ասիան (միջին բարձրությունը մոտ 900 մ. է)։ Շնորհիվ իր հսկայական չափերի՝ Եվրասիայի կլիման շատ բազմազան է, քան մյուս մայրցամաքներինը։ Մայրցամաքի ամենացուրտ վայրը (հյուսիսային կիսագնդի ցրտի բևեռը) գտնվում է հյուսիս-արևելքում՝ Վերխոյանսկ-Օյմյակոնի շրջանում։ Այստեղ հունվարի միջին ջերմաստիճանը -50 °C է, իսկ բացարձակ նվազագույնը՝ -71 °C։ Մայրցամաքի ամենատաք և ամենաչոր շրջանը հարավ-արևմուտքն է՝ Արաբական թերակղզին, որտեղ հուլիսի միջին ջերմաստիճանը +30 °C-ից բարձր է, իսկ առավելագույնը՝ +58 °C։ Ավազը տաքանում է մինչև +80 °C։ Այստեղ տեղումների տարեկան քանակը 50 մմ.-ից չի անցնում։ Եվրասիայում է գտնվում երկրագնդի ամենախոնավ շրջանը։ Հիմալայների հարավային ստորոտում՝ Չերապունջիում տարեկան տեղումների քանակը կազմում է 12.000 մմ., իսկ առավելագույնը՝ 23.000 մմ.։ Այստեղ մեկ օրում (ամռանը) լինում են այնքան տեղումներ (500 մմ.), որքան երկու տարվա ընթացքում Երևանում։

среда, 4 февраля 2015 г.

Կամչատկայի հրաբուխ

Կամչատկայում գտնվող Շիվելուչ հրաբխից արտանետվող մոխրի բարձրությունը հասել է մինչև ծավի մակարդակից 6,2 կիլոմետր բարձրության: Բնակչության համար այն առայժմ վտանգ չի ներկայացնում: Լավայի հոսք դեպի բնակավայրեր չի նկատվում, հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարության Կամչատկայի երկրամասի բաժանմունքից:Ցանկացած պահի գիգանտ հրաբխի արտանետումները կարող են գերազանցել 10 կիլոմետր բարձրությունը, ինչը վտանգավոր է ինչպես տեղական այնպես էլ միջազգային ավիաչվերթներ կատարող ինքնաթիռների համար:Արտակարգ իրավիճակների նախարարությունը նախազգուշացրել է նաև զբոսաշրջային ընկերություններին՝ ձեռնպահ մնալ հրաբխի շրջան ուղևորություններից:Օրվա մութ ժամերին լեռան գագաթին պարզ երևում է հրահեղուկի առաջացրած լուսավորությունը:

Համաշխարհային տնտեսություն

Համաշխարհային տնտեսությունը միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգի միջոցներով աշխատանքի միջազգային բաժանման հիման վրա աշխարհի երկրների ազգային տնտեսությունները միավորող տնտեսավարման բազմամակարդակ, գլոբալ համակարգ է։ Ընդհանուր առմամբ, համաշխարհային տնտեսությունըկարելի է բնորոշել որպես միջազգային հարաբերություններով միավորված ազգային տնտեսությունների և ոչ պետական կառույցների ամբողջություն։ Համաշխարհային տնտեսությունը առաջացել է աշխատանքի միջազգային բաժանման շնորհիվ, որը իր հետևից բերեց ինչպես արտադրության բաժանում (այսինքն՝ միջազգային մասնագիտացում), այնպես էլ դրա միավորում՝ կոոպերացիա։
  • Համաշխարհային տնտեսության աճը 2005 թվականի ընթացքում կազմել է 4,4 %։ Բոլոր երկրների գումարային ՀՆԱ-ն 2005 թվականի վերջի դրությամբ կազմել է 43,07 տրիլիոն դոլար։ 1970-ական թվականների սկզբից սկսած նկատվում է համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերի դանդաղեցման միտում։
  • Համաշխարհային տնտեսության առաջնությունը զբաղեցնում են Միացյալ Նահանգները ինչպես անվանական արտահայտությամբ ցուցանիշով, այնպես էլ գնողունակության պարիտետի. - (60,63 տրիլիոն ԱՄՆ դոլար) Հետևաբար, միջինում բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ կազմում է ամեն մարդուն մոտ 9500 դոլար։
  • Ներկայումս աշխարհում հաշվվում է մոտավորապես 30 հազար անդրազգային կորպորացիաներ և մոտավորապես 300 հազար դրանց մասնաճյուղեր։

четверг, 29 января 2015 г.

Մասնագիտական կողմնորոշում


Հետաքրքրվում եմ վեբ դիզայնով`(աշխատանք է After effects-ի հետ, 3D-ի հետ) , մոնտաժում եմ վիդեոներ և այլն: Դպրոցը ավարտելուց հետո գնալու եմ բանակ եթե հնարավորություն լինի ազատ ընտրության կընտրեի Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում Web-Disign բաժին:

пятница, 26 сентября 2014 г.

Պատմություն. Տիգրան Մեծ

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները: Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում:
Տիգրան Մեծին կարելի է համարել Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տերության հիմնադիր: Նրա տերության քայքայումից հետո հաջորդող յոթ դարերի ընթացքում (մինչև արաբական արշավանքները) Առաջավոր Ասիան, և, մասնավորապես, Հայաստանը, դառնում է մի կողմից Հռոմի (և նրան հաջորդած Բյուզանդական կայսրության), մյուս կողմից՝ Պարթևական թագավորության(և ապա նրան հաջորդած Սասանյան Պարսկաստանի) միջև մղված անհաշտ պայքարի թատերաբեմ:
Տիգրանի վաղ տարիները համընկել են Պարթևական թագավորության հզորացման հետ: Մ.թ.ա. 2-րդ դարի երկրորդ կեսերին մղված բազմաթիվ պատերազմների արդյունքում պարթևները հաղթում են Սելևկյան թագավորությանը՝ գրավելով Մարաստանը, Ատրպատականը և Միջագետքը: Հավանաբար մ.թ.ա. 113-112թթ.-ին պարթևական Միհրդատ Բ թագավորը կռվել է նաև հայոց թագավոր Արտավազդ Ա-ի դեմ. թեև, ըստ Ստրաբոնի վկայության, պարթևները չեն կարողացնել իրենց ենթարկեցնել Հայաստանը, կնքված հաշտության պայմանագրով Արտավազդը ստիպված է եղել բազմաթիվ պատանդների հետ մեկտեղ Միհրդատ Բ-ին հանձնել իր եղբորորդի Տիգրանին: Տիգրան Ա-ի մահից հետո` մ.թ.ա. 95թ.-ին, զիջելով Միհրդատ Բ-ին Մեծ Հայքի հարավ-արևելյան շրջանները՝ 70 հովիտները, Տիգրան Բ-ն ազատվում է գերությունից և ժառանգում հայոց գահը:
Դառնալով հայոց արքա քառասունհինգ տարեկան հասակում՝ Տիգրանն անմիջապես ձեռնամուխ է լինում հայկական պետության և բանակի ամրապնդմանը: 94 թ. նա գրավում և Մեծ Հայքին է միացնում Ծոփքի թագավորությունը՝ զրկելով գահից Արտանեսին Զարեհի սերնդից: Դրանով իսկ Տիգրան Մեծն ավարտեց հայկական հողերի մեծագույն մասի միավորման պրոցեսը, որը սկսել էր նրա պապ Արտաշեսը: Սակայն նրա թագավորության սահմաններից դուրս է մնում Փոքր Հայքը, որը մասն էր կազմում դաշնակից Պոնտոսի թագավորության:
Դաշինքը Պոնտոսի հետ
Մ.թ.ա. II դարի վերջից Միհրդատ VI Եվպատորի օրոք խիստ հզորացավ Պոնտոսի թագավորությունը: Միհրդատն իր տիրությանը միացրեց Փոքր Հայքը,Կողքիսը, Բոսֆորը և Սև ծովի հյուսիսային ափերին գտնվող հունական գաղութ-քաղաքները: Արդյունքում համեմատաբար փոքր թագավորությունից Պոնտոսը վերածվեց բավականաչափ ազդեցիկ ռազմա-քաղաքական ուժի, որի առաջնահերթ նպատակը պայքարն էր Հռոմի տարածման դեմ Փոքր Ասիայում:
Մ.թ.ա. 94-91թթ.-ին Տիգրանը ռազմաքաղաքական դաշինք է կնքում Միհրդատի հետ՝ ամուսնանալով վերջինիս դուստր Կլեոպատրայի հետ: Մ.թ.ա. 93-91թթ.-ին երկու արքաները վճռականորեն պայքարել են Կապադովկիայում հռոմեական տիրապետության դեմ, ինչը կարող էր լուրջ սպառնալիք ստեղծելՀայաստանի համար արևմուտքից, իսկ Պոնտոսի համար հարավից: Մ.թ.ա. 93թ.-ին հայ-պոնտական զորքերը ներխուժում են Կապադովկիա: Տեղական արքա, Հռոմի դաշնակից Արիոբարզան Ա-ն իր ունեցվածքով ու արքունիքով փախչում է Հռոմ: Տիգրանը Կապադովկիայում գահ է բարձրացնում Գորդեոսին: Ի պատասխան Հռոմեական Սենատը արևելք է ուղարկում Լուցիոս Կոռնելիուս Սուլլային: Մ.թ.ա. 92թ.-ին նրա լեգեոնները ջախջախում են հայկական զորքերը և Կապադովկիայի գահին վերականգնում Արիոբարզանին: Կապադովկիական կռիվներում, ըստ նախօրոք կայացված համաձայնության, Տիգրանը ստանում է ողջ շարժական ավարը և գերիներին, որոնք բնակեցվում են Հայաստանի քաղաքներում:
Տիգրան Մեծի կայսրությունը
Մ.թ.ա. 88թ. Պարթևաստանի արքա Միհրդատ Բ-ի մահից հետո պարթևական տերությունը նկատելիորեն թուլանում է, որից էլ չի հապաղում օգտվել Տիգրան Մեծը: Ենթադրվում է, որ պարթևների դեմ պատերազմից առաջ Տիգրանը նախ ապահովում է իր թիկունքը՝ հպատակեցնելով Վիրքը և Աղվանքը: Մ.թ.ա. 87-85թթ. Պարթևաստանի դեմ մղված պատերազմում Տիգրան Մեծը գրավում է ոչ միայն յոթանասուն հովիտները, այլև Միգդոնիան, Կորդուքի, Օսրոենեի, Ադիաբենեի և Ատրպատականի թագավորությունները: Հայկական զորքերը մոտենում են Մարաստանի մայրաքաղաք Եկբատանին (ժամանակակից Համադան), որն հանդիսանում էր պարթև թագավորների ամառային նստավայրը, և հրի մատնում դրա մերձակա ամրությունների մի մասը: Պարթևները ստիպված են լինում հաշտություն խնդրել և ճանաչել Հայաստանի գերիշխանությունը գրավված թագավորությունների նկատմամբ: Բացի այդ նրանք Տիգրանին են զիջում «արքայից արքա» տիտղոսը, որը կրում էր Միհրդատ Բ-ն: Տիգրան Մեծը Մեծ Հայքին է միացնում Հյուսիսային Միջագետքի մի զգալի մասը՝ Մծբին կենտրոնով, որտեղ կառավարիչ է նշանակում իր եղբայր Գուրասին: Կորդուքի, Օսրոենեի, Ադիաբենեի և Ատրպատականի թագավորությունները դառնում են Հայաստանի վասալներ, որոնք հարկ էին վճարում և պարտավոր էին զորքով օգնել Տիգրանին պատերազմի դեպքում: Տիգրանը հատկապես մեծ ուշադրություն է դարձնում իր վասալներից ամենահզորի՝ Ատրպատականի Միհրդատ թագավորի հետ բարեկամական կապերի հաստատման՝ կնության տալով վերջինիս իր աղջկան:
Հռոմի տիրապետությունն Արևելյան Միջերկրյայքում կանխելու նպատակով Տիգրան Մեծը սերտ կապեր է հաստատել Ասորիքի (Սիրիա) հելլենիստական քաղաքների վերնախավի հետ, որը մ.թ.ա. 83թ.-ին Սելևկյանների արքայական գահը հանձնել է նրան: Արքայի մտերիմներից Բագարատը դառնում է Անտիոքի կառավարիչ: Միաժամանակ հայկական զորքերը տիրում են Կոմմագենեին և Դաշտային Կիլիկիային՝ փաստորեն վերջ տալով Սելևկյան տերությանը (թեև հարավային Ասորիքի մի քանի քաղաքներոմ դեռ իշխում էր սելևկյանների մանկահասակ արքա Սելևկոս Է Փիլոմետորը): Հելլենիստական քաղաքներն ու դրանց բնակչությունը դարձել էր Տիգրան Մեծի անմիջական քաղաքական հենարանն Անտիոքում: Մ.թ.ա. 80-70-ական թթ.-ին Տիգրանը վարել է Պարթևաստանի հետագա թուլացման և Արևելյան Միջերկրյայքում Հռոմիազդեցության վերացման ակտիվ քաղաքականություն, հակապարթևական դաշինքներ կնքել Պարսից ծոցի Խարակենե արաբական պետության և Միջին Ասիայի քոչվորների՝ սակարաուկների հետ, խրախուսել Միջերկրական ծովում ծովահենական շարժումը Հռոմի դեմ (մ.թ.ա. 81թ.), գրավել վերջինիս դաշնակից Կապադովկիան (մ.թ.ա. 78թ.):
Տիգրան Մեծի տերությունն իր հզորության գագաթնակետին
Պարթևների և Սելևկյանների դեմ տարած հաղթանակներից հետո Հայաստանը փաստորեն դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն տերությունը: Տիգրան Մեծի կայսրությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները: Արտաշատ և Անտիոք մայրաքաղաքները գտնվում էին այդ լայանածավալ տերության ծայրամասերում, այդ իսկ պատճառով (մ.թ.ա. 80-70թթ.) իր պետության կենտրոնական մասում՝ Մեծ Հայքի Աղձնիք նահանգում Տիգրանը կառուցում է նոր մայրաքաղաք, որն իր անունով կոչում էՏիգրանակերտ: Քաղաքը նա շրջապատում է 25 մետր բարձրությամբ լայն պարիսպներով, իսկ պարիսպներից դուրս կառուցում իր պալատը՝ շրջապատված հոյակապ այգիներով և պաշտպանված հզոր միջնաբերդով [7]: Տիգրանը քաղաքում է բնակեցնում Կապադովկիայի և Դաշտային Կիլիկիայի հելլենական քաղաքներից տեղահանված բազմաթիվ ռազմագերիների, ինչպես նաև Մեծ Հայքի այլ շրջանների բնակիչների. ենթադրվում է, որ Տիգրանակերտի բնակչություն կարող էր հասնել երեք հարյուր հազարի: Տիգրանին Մեծին է վերագրվում նաև հայկական մատենագրության մեջ հիշատակվող Տիգրանակերտ Ուտիք նահանգում, Տիգրանակերտ Արցախ նահանգում և Տիգրանակերտ Գողթն գավառում քաղաքների կառուցումը:
Ըստ երևույթին մ.թ.ա 73 թվից Տիգրանի տերության վիճակը սկսում է բարդանալ: Հարավային Ասորիքում և Փյունիկիայում ապստամբություն է բարձրանում Սելևկյան թագուհի Կլեոպատրա-Սելենեի և նրա որդի Անտիոքոս XIII-ի գլխավորությամբ: Բացի այդ պատերազմական գործողություններ են սկսվում Կելեսարիաում՝ Նաբաթեական թագավորության դեմ: Ենթադրվում է, որ Տիգրանը հաղթում է նաբաթեացիներին և գրավում ողջ Կելեսարիան՝ Դամասկոս մայրաքաղաքով: Պատերազմական գործողությունները Փյունիկիայում շարունակվում են մինչև մ.թ.ա 69թ. գարունը, երբ Տիգրանը երկար պաշարումից հետո գրավում է Պտղոմայիս քաղաքը և գերում Կլեոպատրա-Սելենե թագուհուն, որը հետագայում տեղափոխվում է մերձեփրատյան Սելևկիա բերդը և այնտեղ մահապատժի ենթարկվում: Իր պետության սահմանների մոտ հայտնված մեծաթիվ հայկական զորքերից սարսափած հրեական թագուհին թանկարժեք նվերներով դեսպաններ է ուղարկում Տիգրանի մոտ և ընդունում նրա գերիշխանությունը:
Այս պատերազմական գործողություններն ընթանում են ընդհատումներով, քանի որ Տիգրանը ստիպված է լինում շեղվել՝ ճնշելու համար ապստամբություններն իր տերության այլ շրջաններում: Նախ բուն Հայաստանում ավագանու մի մասի հետ ապստամբում է Տիգրանի որդին՝ թագաժառանգ Զարեհը: Այս ելույթն արագորեն ճնշվում է, իսկ Զարեհը՝ սպանվում: Ապա մ.թ.ա 71թ. հռոմեացիների դրդմամբ ապստամբություն է բարձրացնում Կորդուքի արքա Զարբիենոսը: Սակայն այս ապստամբությունը ևս դաժանաբար ճնշվում է. հայկական զորքերը գրավում Փինակա բերդը և սրի քաշում Զարբիենոսի ողջ ընտանիքը:
Մ.թ.ա 73 թվին սկսվում է երրորդ Միհրդատյան պատերազմը Հռոմի և Պոնտոսի թագավորության միջև: Սկզբնական շրջանում հաջողությունն ուղեկցում է Միհրդատին. նա հաղթում է հռոմեացիներին մի շարք ճակատամարտերում և գրավում Բյութանիան: Սակայն նրա կողմից պաշարված ծովափնյա Կիզիկոս քաղաքի պատերի տակ Միհրդատը ծանր պարտություն է կրում սենատի կողմից արևելք ուղարկված հայտնի զորավար Լուկոլլոսից և ստիպված լինում նահանջել Պոնտոս: Այստեղ նա փորձում է դիմադրություն կազմակերպել իրեն հետապնդող հռոմեական զորքերի դեմ, սակայն մ.թ.ա. 71թ. Կաբիրայի ճակատամարտում վերջնականապես պարտություն է կրում և ստիպված է լինում փոքրաթիվ զորքով փախչել Հայաստան: Տիգրանը, զբաղված լինելով հարավային Ասորիքում և Փյունիկիայում ընթացող մարտական գործողություններով, չի կարողանում օգնել իր դաշնակցին: Տիգրանը թեև ապաստան է տալիս Միհրդատին, սակայն, ըստ երևույթին, հռոմեացիների դեմ չեզոքություն պահպանելու հույսով չի հրավիրում նրան իր արքունիք, այլ թույլ է տալիս ապրել իր տերության ծայրամասային շրջաններից մեկում: Մյուս կողմից Տիգրանը մերժում է Լուկոլլոսի՝ իր մոտ ուղարկված դեսպանությանը, որը պահանջում էր հանձնել Միհրդատին հռոմեացիներին, բացատրելով մերժումն իր մոտիկ ազգակցական կապերով վերջինիս հետ:
Լուկուլլոսի արշավանքը
Մ.թ.ա. 69 թվականի գարնանը Լուկուլլոսի բանակը, անցնելով Եփրատը, Կապադովկիայի կողմից ներխուժեց Հայաստան: Դրանով իսկ սկսվեց հայ-հռոմեական պատերազմը, որը մանրամասն նկարագրված է հունա-հռոմեական պատմիչների՝ Ապիանոսի, Պլուտարքոսի, Դիոն Կասիոսի և այլոց երկերում:
Հռոմեական բանակը, արագորեն անցնելով Ծոփքի տարածքով, անցնում է Տիգրիսը և մտնում բուն Հայաստանի տարածք: Այստեղ Տիգրանի զորավարներից Միթրոբարզանեսը մոտ երեք հազարանոց հեծելազորով փորձում է կասեցնել հռոմեացիաների առաջխաղացումը, սակայն ջախջախվում է և զոհվում ճակատամարտում: Արագորեն շարժվելով դեպի արևելք՝ Լուկուլլոսը պաշարում է մայրաքաղաք Տիգրանակերտը, որի պաշտպանությունը երկար ժամանակ չի կարողանում հաղթահարել:
Լուկոլլոսի ներխուժման պահին Տիգրանն, ըստ երևույթին, գտնվում էր Արտաշատում: Ստանալով հարձակման մասին լուրը՝ Տիգրանը շտապում է դեպի հյուսիս և Տավրոսի լեռներում սկսում հավաքել մեծ բանակ հայերից և իր վասալներից: Միևնույն ժամանակ նա Տիգրանակերտ է ուղարկում ծանր հեծելազորի վեց հազարանոց ջոկատ, որը հաջողությամբ ճեղքում է հռոմեացիների պաշարողական շղթան և դուրս բերում քաղաքից Տիգրանի կանանոցը և թագավորական գանձերը: Լուկոլլոսն իր հերթին իր լեգատներից Մուրենային ուղարկում է Տավրոսի լեռները՝ դարանակալելու Տիգրանին օգնության շտապող զորքերին. Մուրենան կարողանում է ջախջախել արաբների մի զորախումբ և տիրանալ Տիգրանի գումակի մի մասին:
Հավաքելով բոլոր դաշնակիցների և վասալների զորքերը՝ Տիգրանը և Միհրդատը մեծ զորաբանակով անցնում են Տավրոսը և շարժվում դեպի Տիգրանակերտ: Ըստ Պլուտարքոսի, մոտենալով քաղաքին և տեսնելով հռոմեական համեմատաբար սակավաթիվ զորքը, Տիգրանն ասում է. «Եթե սրանք եկել են որպես դեսպաններ, ապա չափից դուրս շատ են, իսկ եթե որպես զինվորներ՝ քիչ են»: Հայկական և հռոմեական զորքերի միջև ճակատամարտը, որը պատմության մեջ հայտնի է որպես Տիգրանակերտի ճակատամարտ, տեղի է ունենում մ.թ.ա.69 թ. հոկտեմբերի 6-ին: Չնայած ունեցած զգալի թվային գերակշռությանը (ժամանակակից պատմաբանների կողմից արժանահավատ են համարվում այն տեղեկությունները, ըստ որոնց Լուկոլլոսի բանակն ուներ մոտ քառասուն հազար, իսկ Տիգրանինը՝ ութսուն հազար զինվոր)՝ Տիգրանի զորքը ճակատամարտում ծանր պարտություն է կրում. Լուկոլլոսը հմուտ զորաշարժով կարողանում է իր լեգիոններով գրավել հայկական բանակի թիկունքում գտնվող բլուրներից մեկը և այնտեղից անսպասելի հարվածով խուճապ ստեղծել Տիգրանի բանակում, որի արդյունքում վերջինիս ահռելի զորքը ցրվում է:
Տիգրանակերտի ճակատամարտում կրած պարտությունից հետո Միհրդատը և Տիգրանը զորքի մնացորդների հետ նահանջում են Արտաշատի ուղղությամբ, իսկ Լուկոլլոսը չի հետապնդում նրանց և շարունակում է Տիգրանակերտի պաշարումը: Կարճ ժամանակ անց քաղաքի հույն բնակչությունը ապստամբում է և, գրավելով պարիսպների մի մասը, ներս թողնում հռոմեացիներին, որոնք գրավում և թալանում են քաղաքը:
Այս պարտությունները ճակատագրական նշանակություն են ունենում Տիգրանի տիրության համար: Ծոփքի, Կորդուքի, Կոմմագենեի և Օսրոենեի ավագանիները դեսպաններ են ուղարկում Լուկոլլոսի մոտ և ընդունում Հռոմի գերիշխանությունը, Ասորիքում գահ է բարձրանում Հռոմի դաշնակից Անտիոքոս ԺԳ-ն: Փաստորեն, մ.թ.ա 69թ. վերջից Տիգրան Մեծի մեծ տերությունը դադարում է գոյություն ունենալ:
Սակայն Տիգրանը և Միհրդատը չեն դադարեցնում պայքարը: Նրանք հավաքում են նոր բանակ, որի մարզումը հանձնարարվում է Միհրդատի զորավարներին: Բացի այդ նրանք սկսում են ամրացնել Արտաշատը՝ պատրաստվելով Լուկոլլոսի նոր հարձակմանը: Լուկոլլոսը ձմեռը և գարունը անցկացնում է իր նոր դաշնակից Կորդուքի տարածքում: Ամռանը նա որոշում է ավարտին հասցնել սկսված գործը և շարժվում Արտաշատի ուղղությամբ: Հռոմեական լեգիոնները կտրում են Տավրոսը, իջնում Մշո դաշտ և Արածանու հովտով շարժվում դեպի Արարատյան դաշտ: Տիգրանը շարժվում է հակառակորդին ընդառաջ. մ.թ.ա. 68թ. սեպտեմբերին Արածանի գետի ափին տեղի է ունենում երկրորդ խոշոր ճակատամարտը հայկական և հռոմեական զորքերի միջև: Ըստ Պլուտարքոսի, Լուկոլլոսը այս ճակատամարտում ևս ջախջախիչ հաղթանակ է տանում, սակայն իրականում հայկական զորքերը ծանր կորոստներ են պատճառում հռոմեացիներին և արդյունքում ստիպում թշնամուն նահանջել:
Լուկոլլոսը նահանջում է դեպի Հյուսիսային Միջագետք և շրջապատում լավ պաշտպանված Մծբին քաղաքը, որի կայազորը գլխավորում էր Տիգրանի եղբայր Գուրասը: Լուկոլլոսը կարողանում է գրավել քաղաքը երկարատև պաշարումից հետո. ձմեռային մի գիշեր, օգտվելով տեղատարափ անձրև և փոթորկոտ եղանակից, հռոմեացիները հանկարծակի գրոհով գրավում են պարիսպների մի մասը և մտնում քաղաք: Գուրասը ապաստանում է քաղաքի միջնաբերդում, սակայն որոշ ժամանակ անց հանձնվում է և գերվում Լուկոլլոսի կողմից: Լուկոլլոսի թուլացած զորքը ձմեռում է Հյուսիսային Միջագետքում և հաջորդ գարնանը նահանջում Փոքր Ասիա:
Միհրդատը և Տիգրանը չեն հետապնդում Լուկոլլոսին դեպի Հյուսիսային Միջագետք նահանջելիս, քանի որ Մծբինը համարվում էր անառիկ բերդաքաղաք: Տիգրանը ձեռնամուխ է լինում Հայաստանի գրավված տարածքների ազատագրմանը, իսկ Միհրդատը հայկական և պոնտական զորքերով Փոքր Հայքի վրայով մտնում է իր թագավորության տարածքը: Մ.թ.ա. 67թ. գարնանը Զելայի մոտ ճակատամարտում հայ-պոնտական զորքերը ջախջախում են Լուկոլլոսի լեգատներից Տրիարիուսի գլխավորությամբ հռոմեական զորքերին: Միևնույն ժամանակ Տիգրանի և դաշնակից Ատրպատականի թագավոր Միհրդատի զորքերը ներխուժում են Կապադովկիա՝ դուրս քշելով այնտեղից հռոմեացիներին: Այս իրադարձություններից հետո Լուկոլլոսը հետ է կանչվում հռոմեական սենատի կողմից : Այսպիսով անփառունակ կերպով ավարտվում է Լուկոլլոսի արշավանքը:
Պոմպեոսի արշավանքը և Արտաշատի պայմանագիրը
Մ.թ.ա. 67թ. աշնանը հռոմեական սենատը Լուկուլլոսի փոխարեն արտակարգ լիազորություններով արևելք է ուղարկում ականավոր ռազմական և քաղաքական գործիչ Գնեոս Պոմպեոսին: Պոմպեոսը մ.թ.ա. 66թ. գարնանը մեծ բանակով ափ է իջնում Կիլիկիայում: Նա անմիջապես բանակցություններ է սկսում պարթևական թագավոր Հրահատ Գ-ի հետ և համաձայնության գալիս վերջինիս հետ՝ համոզելով հարձակվել Հայաստանի վրա [24]: Ինքը Պոմպեոսը մեծ ուժերով հարձակվում է Պոնտոսի վրա և պարտության մատնում Միհրդատ Եվպատորին: Վերջինս փոքր ուժերով փախչում է Կողքիս և ապա Բոսֆոր, որտեղ էլ ինքնասպանությամբ վերջ է տալիս իր կյանքին: Պոնտոսը և Փոքր Հայքը նվաճվում են և դառնում հռոմեական պրովինցիաներ:
Ըստ երևույթին մ.թ.ա. 67թ. աշնանը Տիգրանի Մեծի դեմ հայկական ավագանու մի մասի հետ ապստամբում է նրա որդին՝ գահաժառանգ Տիգրան Կրտսերը: Տիգրան Մեծը կարողանում է ճնշել այս ապստամբությունը, բայց Տիգրան Կրտսերը փախչում է Պարթևաստան՝ Հրահատ Գ-ի մոտ: Տիգրանը մեծադրում է Միհրդատ Եվպատորին իր որդու (և Միհրդատի թոռանը) ապստամբության հրահրելու մեջ և խզում հարաբերությունները նրա հետ: Տիգրանը, մասնավորապես, թույլ չի տալիս Միհրդատին պատսպարվել Հայաստանում, ինչպես արել էր Լուկոլլոսի արշավանքի ժամանակ. Միհրդատի դեսպանները բանտ են նետվում և հետագայում հանձնվում հռոմեացիներին [25]:
Ըստ Պոմպեոսի հետ պայմանավորվածության, Հրահատ Գ-ն պարթևական մեծ զորքով Տիգրան Կրտսերի ուղեկցությամբ արշավում է դեպի Հայաստան՝ ըստ երևույթին մինչ այդ հպատակեցնելովԱդիաբենեի և Ատրպատականի թագավորությունները: Պարթևական զորքերը պաշարում են Արտաշատը: Քաղաքի պաշտպանությունը վստահելով կայազորին՝ Տիգրանը հեռանում է Հայաստանի լեռնային շրջաններ: Տեսնելով, որ Արտաշատի պաշարումը երկարում է, Հրահատը պարթևական զորքի մի մասով հեռանում է իր երկիրը: Դրանից անմիջապես հետո Տիգրան Մեծը իր հավաքած զորքերով ջախջախում է Տիգրանի Կրտսերի գլխավորած պարթևական զորքը. վերջինս ստիպված է լինում փախչել Պոմպեոսի մոտ :
Միհրդատին վերջնական պարտության մատնելուց հետո մ.թ.ա. 66թ. աշնանը Պոմպեոսը հարձակվում է Հայաստանի վրա և շարժվում դեպի Արտաշատ: Տիգրան Մեծը, հայտնվելով ծանրագույն իրավիճակում, հասկանում է, որ չի կարող միայնակ կռվել միաժամանամ Հռոմի և Պարթևաստանի դեմ և որոշում է հաշտություն խնդրել Պոմպեոսից: Ըստ Պլուտարքոսի, երբ հռոմեական բանակը մոտենում է Արտաշատին, Տիգրանը միայնակ մտնում է հռոմեական ճամբար և իր թագը դնում Պոմպեոսի ոտքերի տակ: Վերջինս սակայն արքայավայել է ընդունում Տիգրանին, և կարճ բանակցություններից հետո կողմերը գալիս են համաձայնության, որը հայ պատմագիտության մեջ ընդունված է կոչել Արտաշատի պայմանագիր: Պայմանագրով նախատեսվում էր հետևյալը.
  • Տիգրան Մեծը հրաժարվում էր Սիրիայից, Փյունիկիայից և Կիլիկիայից:
  • Տիգրան Կրտսերը պետք է դառնար Ծոփքի թագավոր՝ մնալով Տիգրան Մեծի գահաժառանգը: Տիգրան Մեծի մահվանից հետո նա պետք է դառնար երկու երկրների միասնական թագավոր:
  • Տիգրանը պետք է վճարեր 6000 տաղանդ ռազմատուգանք անձամբ Պոմպեոսին և նրա զինվորներին: Այս տուգանքը պետք է վճարվեր Ծոփքում գտնվող գանձարաններից:
Տիգրան Կրտսերը սակայն դժգոհ է մնում պայմանագրից, և Պոմպեոսը ի վերջո ստիպված է լինում շղթայել նրան և տանել իր հետ Հռոմ: Ծոփքը մնում է Տիգրան Մեծի թագավորության կազմում:
Արտաշատի հաշտության կնքումից հետո մ.թ.ա. 65թ. շարունակվում են պատերազմական գործողությունները հայերի և պարթևների միջև Կորդուքում և Հյուսիսային Միջագետքում: Պոմպեոսի հրամանով հռոմեական զորքերը դուրս են մղում այս շրջաններից պարթևներին և հանձնում տարածքները Տիգրանին:

четверг, 28 августа 2014 г.

Էկոլոգիա.Բնական աղետներ

Փոշեփոթորիկ
Փոշեփոթորիկն ուժեղ քամու հետևանքով գետնահողից  փոշու կամ ավազի տեղափոխումն է։ Տարածված է հողն ուժեղ վարած վայրերում, ավազոտ և այլ վայրերում։ Հերկած տարածքներում առաջացնում է կուլտուրական մշակաբույսերի արմատների մերկացում։ Փոշեփոթորկի դեմ պայքարի լավագույն եղանակը անտառաշերտերի ստեղծումն է և ճիշտ ագրոտեխնիկան։
Մրրիկ
Շատ ուժեղ (արագությունը վայրկյանում 20 մետր) եւ տեւական քամի, որն առաջացնում է մեծ ավերածություններ. վնասվում են կապի եւ էլեկտրահաղորդման գծերը, խախտվում է տրանսպորտի աշխատանքը, լճերում ու ջրամբարներում առաջանում են ալիքներ։ Մրրիկին բնորոշ են ավելի փոքր, քան փոթորկի ժամանակ, վնասներն ու ավերածությունները, սակայն տարերային այս աղետը լուրջ վտանգ է պարունակում։ Հայկական լեռնաշխարհում ուժեղ քամիների ուղղությունները բավական տարատեսակ են։ Հանրապետության հյուսիս-արեւմտյան տարածքում գերակշռում են արեւմտյան եւ հարավ-արեւմտյան ուղղության քամիները, իսկ հարավում՝ արեւմտյան։
Խորշակ
Խորշակը խիստ տաք եւ չոր, գլխավորապես հարավարեւելյան քամի է, որ փչում է տարվա տաք ժամանակ։ Ընդ որում՝ օդի ջերմաստիճանն անցնում է 50-60 աստիճանից։ Խորշակը մեծ վնաս է պատճառում բուսականությանը։

Էկոլոգիա.Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում

Վերջին տասնամյակներում ձևավորվել և բուռն զարգացում է ապրել գիտությունների մի ամբողջ համակարգ՝ Երկիր մոլորակի բնապահպանության և բնօգտագործման վերաբերյալ։ «Մարդկության ինքնաոչնչացման վտանգ», «բնապահպանական և բնօգտագործման հիմնախնդիր» հասկացությունները դարձել են համայն մարդկությանը հուզող հարցեր։ Մարդը գոյատևում և ապահովում Է իր հասարակական առաջընթացը՝ օգտվելով բնության բարիքներից։ Մարդու վերաբերմունքը բնական միջավայրի նկատմամբ ի սկզբանե եղել Է սպառողական, բայց այդ միջավայրի ինքնազարգացման և ինքնավերականգնման միջոցով «բուժվել են» մարդահարույց վնասները։ Այժմ մարդու ակտիվ ներգործությունը բնական միջավայրի վրա այնպիսի ծավալներ Է ընդունել, որ խախտվել Է ինքնակարգավորման ու ինքնազարգացման ընթացքը, վերջին 30 տարվա ընթացքում բնությունից կորզվել և օգտագործվել Է այնքան նյութական պաշար, որքան նախորդ 5000 տարվա ընթացքում։
Մարդու գործունեության տևական և ակտիվ ներգործության հետևանքով տեղի Են ունենում բնական միջավայրի աղքատացում և որակազրկում, բույսերի և կենդանիների բազմաթիվ տեսակներ հայտնվել են անհետացման եզրին։ Այդ երևույթը հատկապես կործանարար ազդեցություն է թողնում տարածման նեղ արեալ ունեցող կենդանատեսակների վրա։ Ներկայումս վտանգավոր սահմանագծի է հասել Արաքսի հովտի եզակի, խիստ յուրահատուկ սողունաշխարհը(հերպետոֆաունան)։ Սևանի ավազանից գրեթե անհետացել է խայտաբղետ մողեսի ենթատեսակի բնաշխարհիկ պոպուլացիան, որը միակն է Կովկասի բարձրադիր վայրերում։ Նույն վիճակում է նաև փոքրասիական մողեսը։
Վերջին 50 տարիների ընթացքում կիսաանապատային և տափաստանային տարածքների ակտիվ յուրացման հետևանքով իրենց բևադրավայրերից դուրս են մղվել զանազան թռչուններ, մեծ, փոքր և գեղանի արոսները, սևափոր դռլոնը, կանաչ մեղվակերը։ Տեղի է ունեցել ջրաճահճային էկոհամակարգերի ոչնչացում։ Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով մերկացել են առափնյա ժայռերն ու մերձափնյա հատվածը, չորացել շրջակա ճահճուտները, վերացել են Սևանի իշխանի ձվադրավայրերի հիմնական մասը, բազմաթիվ ջրլող ու չվող թռչունների, կաթնասունների տեսակները։ Սևանա և Արփի (անցյալում նաև Գիլլի) լճերն անփոխարինելի դեր ունեն ոչ միայն հանրապետության ճահճային թռչունների պահպանության, այլև հարևան երկրների ջրային ավազանների հետ օրգանական կապի պահպանման առումով, որով ապահովվում է հանրապետության տարածքում 145 տեսակ ջրլող և առափնյա թռչնատեսակների գոյությունը։
ՀՀ-ում բնօգտագործման և բնապահպանական հարցերը կարգավորում է պետությունը․ ՀՀ Աժ-ը, իր ընդունած օրենքներից բացի, վավերացնելով համապատասխան միջազգային համաձայնագրեր, միանում է դրանց և պատասխանատվություն ստանձնում երկրում այդ համաձայնագրերի պահանջների իրականացման համար։
Երկրում բնապահպանական խնդիրները լուծելու, կենսաբազմազանության պահպանության ու կենսապաշարների խելամիտ օգտագործման նպատակով մշակվում է նաև ՀՀ կենսաբազմազանության պահպանության ռազմավարություն։ Այն խիստ բազմակողմանի ու ծավալուն փաստաթուղթ է, որը ներառում է ինչպես բնաշխարհի վրա մարդահարույց վնասակար գործոնների նվազեցման, էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաների ներդրման, էկոլոգիական կրթության ու գիտության զարգացման, հատուկ պահպանվող տարածքների ցանցի ընդլայնման, այնպես էլ այդ ոլորտի օրենսդրական դաշտի հետագա ամբողջացման ու կատարելագործման հարցեր։